

Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը Հայաստանի առաջին պետական գեղարվեստական կրթօջախն է։ Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է։
Քոլեջի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից, երբ Նկարչական դպրոցը հիմնադրվեց պետական թանգարանի և պետական համալսարանի հետ միաժամանակ։ Այն դարձավ հայկական իրականության առաջին պետական գեղարվեստական կրթօջախը։ Նորաստեղծ հայկական երկրորդ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի նախաձեռնությամբ և ջանքերով հայրենիքում համախմբվեցին աշխարհով մեկ սփռված հայ արվեստագետներ, որոնք կրթություն էին ստացել Եվրոպայի ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում։ Մյասնիկյանը մեծ նշանակություն էր տալիս կրթության դերին երկրի ապագայի կերտման գործում, և նրա ստորագրությամբ ընդունված առաջին դեկրետներից մեկը վերաբերում էր Նկարչական դպրոցի հիմնադրմանը։
Կրթօջախը տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է, սակայն հիմնադրման տարիներից ձևավորված ավանդույթները շարունակել են պահպանվել և զարգանալ։ 1926 թվականին այն անվանվել է «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, 1938 թվականից՝ Գեղարվեստական ուսումնարան, իսկ 1941 թվականին ստացել է հայ մեծանուն գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունը։
Թեև Փանոս Թերլեմեզյանը տեխնիկումում մանկավարժական գործունեություն չի ծավալել, նա մշտապես ուշադրության կենտրոնում է պահել կրթօջախն ու նրա սաներին։ Նրա մահից հետո, արժևորելով նկարչի ներդրումը հայկական կերպարվեստի և պատմության մեջ, կրթօջախը կոչվեց նրա անունով։
Դպրոցի առաջին տնօրենը Հովհաննես Թադևոսյանն էր, որը ղեկավարել է ուսումնական աշխատանքը և ձևավորել դասախոսական կազմը։ Կրթօջախի ակունքներում կանգնած էին ժամանակի ճանաչված արվեստագետներ, որոնք կրթություն էին ստացել Վիեննայի, Փարիզի, Մյունխենի, Մոսկվայի և այլ խոշոր արվեստի կենտրոններում։
Հիմնադրումից ընդամենը հինգ ամիս անց բացվեց ուսանողների առաջին ցուցահանդեսը։ 1927 թվականին ուսումնարանն ունեցավ իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին հետագայում անվանի հայ գեղանկարիչներ Մհեր Աբեղյանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Բաբկեն Քոլոզյանը, Արմեն Չիլինգարյանը և այլք։
Տասնամյակների ընթացքում կրթօջախը հայտնի դարձավ նաև իր շրջանավարտներով, որոնք իրենց ստեղծագործական գործունեությունն են ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում և նշանակալի դեր են ունեցել հայ կերպարվեստի զարգացման գործում։
Հիմնադրման օրվանից ուսումնարանում գործել են նկարչության և քանդակագործության բաժիններ, ինչպես նաև սեփական բրուտանոց։ 1925 թվականին ավելացել են ոսկերչության, փայտագործության, ասեղնագործության և գորգագործության բաժինները։ Շրջանավարտներից շատերը հետագայում շարունակել են իրենց ուսումը Խորհրդային Միության լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1945 թվականին Երևանում Գեղարվեստական ինստիտուտի հիմնադրումը, իսկ 1952 թվականին դրա՝ Թատերական ինստիտուտին միավորումը և Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ստեղծումը կարևոր հանգրվան դարձան քոլեջում ձևավորված մասնագիտական կրթությունը բարձրագույն մակարդակում շարունակելու և խորացնելու համար։ 1960-ական թվականների «ձնհալի» և սերնդափոխության տարիներին ուսումնարանի շրջանավարտները դարձան հայ նորագույն արվեստի զարգացման հիմնական միտումների ձևավորման մասնակիցները։ Նրանց ստեղծագործական որոնումներն ու նորարարական մոտեցումները շարունակեցին իրենց ազդեցությունը ունենալ հայ արդի կերպարվեստի զարգացման վրա։
1990-ականների դժվարին տարիներին կրթօջախը կարողացավ հաղթահարել ճգնաժամային շրջանը՝ պահպանելով ուսուցման որակն ու ձևավորված ավանդույթները։
Քոլեջի զարգացման համար կարևոր նոր փուլ սկսվեց 2007 թվականին, երբ այն տեղափոխվեց նոր ուսումնական շենք։ Տնօրեն, գեղանկարիչ Նարեկ Առուշանյանի նախաձեռնությամբ և մեծ ջանքերի շնորհիվ ստեղծվեցին ուսումնական և ստեղծագործական բարենպաստ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները։
Տասնամյակների ընթացքում կրթօջախը շարունակաբար ընդլայնվել է։ Դասախոսական կազմը պարբերաբար համալրվել է ժամանակի առաջատար մասնագետներով, մշակվել և արդիականացվել են ուսումնական ծրագրերը, փոփոխվել են դասավանդվող մասնագիտությունները՝ ժամանակի կրթական, տնտեսական և սոցիալական պահանջներին համապատասխան։ Միաժամանակ պահպանվել են քոլեջի առանցքային մասնագիտական ուղղությունները՝ «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ», իսկ հետագայում նաև «Գեղարվեստական ձևավորում» մասնագիտությունը, որն այսօր ներկայացված է «Դիզայն» անվամբ։
Այսօր քոլեջն ունի շուրջ 800 ուսանող, այդ թվում՝ սփյուռքահայ և օտարերկրացի սովորողներ։ Բացի մասնագիտական հիմնարար գիտելիքներից և դասական հմտություններից, ուսանողները հնարավորություն են ստանում զարգացնելու ինքնուրույն մտածողությունն ու ստեղծագործական մոտեցումը, ինչը նպաստում է նրանց՝ որպես արվեստագետներ ձևավորմանը։
Քոլեջի դասախոսական կազմի զգալի մասը հենց քոլեջի շրջանավարտներն են։ Սերնդափոխության այս շարունակականությունը նպաստում է ձևավորված «թերլեմեզյանական դպրոցի» ավանդույթների պահպանմանը՝ միաժամանակ ապահովելով դրանց զարգացումն ու արդիականացումը։
Արդյունավետ կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ է նաև կոմպետենտ վարչակազմի աշխատանքը, որն ապահովում է ուսումնառության բնականոն ընթացքը, պարբերաբար արդիականացնում ուսումնական ծրագրերը և ստեղծում անհրաժեշտ պայմաններ կրթական ու ստեղծագործական բարենպաստ միջավայրի ձևավորման համար։
2007 թվականից քոլեջին կից գործում է «Թերլեմեզյան ցուցասրահը»։ Ցուցասրահի հիմնական գործառույթն է ներկայացնել քոլեջի ուսանողների և դասախոսների ստեղծագործական գործունեությունը՝ կազմակերպելով խմբային, անհատական և թեմատիկ ցուցահանդեսներ, ինչպես նաև մրցույթներ։
Միաժամանակ ցուցասրահը ներկայանում է որպես արվեստի բաց հարթակ՝ համագործակցելով ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի արվեստագետների, ուսումնական հաստատությունների, պետական և մասնավոր կազմակերպությունների, թանգարանների և այլ կառույցների հետ։ Կազմակերպվում են աշխատաժողովներ, վարպետության դասեր, տեսական և գործնական դասախոսություններ, հանդիպումներ և քննարկումներ։
Ցուցասրահի գործունեությունն ուղղված է ուսանողների և շրջանավարտների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մշակութային դաստիարակության խթանմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը և քոլեջի միջազգայնացմանը։
Կերպարվեստի ոլորտում քոլեջն ունի իր կայուն տեղն ու դերը։ Թերլեմեզյանցի ուսանողները դեռևս ուսումնառության տարիներին ներգրավվում են Հայաստանի մշակութային կյանքում և արձանագրում նշանակալի հաջողություններ։ Մասնավորապես, 2013, 2019 և 2020 թվականներին Պողոսյան երիտասարդական մրցանակին, որը նախկինում հայտնի էր որպես ՀՀ Նախագահի մրցանակ, արժանացել են քոլեջի ուսանողները։
Թերլեմեզյանի քոլեջը յուրօրինակ կրթական և մշակութային հաստատություն է՝ մեծ հոգևոր, ստեղծագործական և մշակութային ներուժով։ Հիմնադրման օրվանից այն, կրթական և սոցիալական գործառույթներից բացի, ունեցել է ազգային մշակույթի, ինքնության և գեղարվեստական ժառանգության պահպանման ու զարգացման կարևոր առաքելություն։
Այսօր ևս քոլեջը շարունակում է իր պատմական առաքելությունը՝ ձևավորելով մասնագիտական գիտելիքներով, ստեղծագործական մտածողությամբ և ազգային մշակութային արժեքների նկատմամբ պատասխանատվությամբ օժտված նոր սերունդ։
Հայաստանում թերևս քիչ կգտնվեն նկարիչներ, քանդակագործներ և դիզայներներ, որոնք անցած չլինեն այն ստեղծագործական դպրոցը, որն այսօր կոչվում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։